ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի գործողությունները միայն այդ գործողությամբ չեն սահմանափակվել։
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբին օժանդակել են ևս 18 անձինք, ովքեր տարբեր եղանակներով փորձել են շրջանցել իրավապահ մարմինների պատնեշը, միանալ զինված խմբին, ինչպես նաև գնդի տարածքից դուրս տարբեր միջոցներով աջակցել զինված խմբի գործողություններին՝ պատանդներին և զավթված շինությունները պահելուն:
Օժանդակողներից Արթուր Սարգսյանին 2016 թվականի հուլիսի 26-ին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և միանալ զինված խմբի անդամներին:
Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժ աշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ»:
Ըստ հաղորդագրության՝ Ա. Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժ սարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ ՊՊԾ գունդը զավթած 31 զինյալներին օժանդակել են ևս 18 անձինք, որոնցից 15-ը կալանավորված են։