Հայաստանի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Մեկ այլ հրամանագրով Իգնատի Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար, Դավիթ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:
Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ։
Ալեքսան Հարությունյանը Նախագահի հրամանագրով ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: