«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Սերգո Կարապետյանը որոշել է առայժմ հանգստանալ, ապա զբաղվել իր բիզնեսներով։
Հիշեցնենք, որ նա «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատերերից է և մի շարք մթերքների խոշոր ներկրող։ Նոր նախարարին ներկայացնելիս վարչապետը փորձել է մեղմել հեռացումի ցավը՝ նշելով, որ «բարձր են գնահատում Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում և համոզված են, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը»։
Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ոչ Ս. Կարապետյանին, ոչ էլ մյուս պաշտոնանկ նախարարներին առայժմ նոր պաշտոն չեն տա, քանի որ այդպիսին է փոփոխությունների տրամաբանությունը։ Ինքը՝ Կարապետյանը, անչափ դժվար է բաժանվել նախարարական աթոռից։ 2 օր առաջ նա նախարարության ղեկավար կազմին հրավիրել է դիսպետչերականների սրահ՝ հրաժեշտ տալու։
Եվ առաջին նախադասությունից հետո այնպես է հուզվել, որ չի կարողացել խոսքը շարունակել։ Նրան նեղ կացությունից հանել է աշխատակազմի ղեկավարը՝ փորձելով օգնել, բայց ավելի է բարդացրել վիճակը՝ ասելով, որ Կարապետյանների ընտանիքը շահեց, հիմա երեխաներն ու թոռներն ավելի շատ կտեսնեն պարոն Կարապետյանին։ Ապա ներկաները հերթով խոսել են՝ գնահատանքի ու հրաժեշտի խոսքեր ասելով 6 տարի աշխատած նախարարին։ Գյուղատնտեսության նախարարությունում այս օրերին թեև անհանգիստ են, սակայն հույս ունեն, որ կոնյակի գործարանի նախկին տնօրեն Իգնատի Առաքելյանը, որն այս ոլորտում շատերին գիտի, կադրային ջարդ չի անի։ Նա արդեն իսկ որոշել է պահել Կարապետյանի խոսնակ Անի Սմբատյանին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: