ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար. ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ Բաղդասարյանի՝ դրանով չի խախտվում ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության պայմանավորվածությունը, քանի որ ՀՀԿ - ՀՅԴ հուշագրում ամրագրված չեն եղել 3 կոնկրետ նախարարություններ։
«Հուշագրում մենք որևէ նման պայմանավորվածություն չունենք, հուշագրում կա քանակի մասին, որ 3 դաշնակցական մեր գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք»,- նշեց Բաղդասարյանը՝ խորհուրդ տալով սպասել Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերին:
«Հանրապետական» խմբակցության ղեկավարի խոսքով՝ նոր վարչապետի որոշմամբ է, թե որ նախարարը որ տեղում օգտակար կլինի:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը ձևավորում է թիմ՝ սեփական մերձավորների և ընկերների շրջանակներից այնպես, ինչպես նախորդ վարչապետերը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Դա ձեր անձնական կարծիք է: Մեր մեջ չկան թաղային հարաբերություններ, այլ՝ թիմային հարաբերություններ»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանը փոքր երկիր է, և շատերն իրար ընկերներ են:
Վահրամ Բաղդասարյանը, խոսելով նաև վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարության մասին, թե պետք է վերջ տալ պրիմիտիվ գողություններին և պատասխանելով այն հարցին, թե ովքեր են այդ գողերը և ինչո՞ւ չեն պատժվում, Բաղդասարյանն ասաց. «Մի անձնավորեք, դա ընդհանուր այն մթնոլորտի մասին է, որ եղել է նման բան, և պետք է ազատվել դրանից: Գողությունը եկել է մարդկության հետ և մարդկության հետ կհեռանա»: