«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ մեծ աղմուկ հանած «Հարկային օրենսգրքի» նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը: 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ արդյունքներով այն ընդունվեց: Իհարկե, օրենսգիրքը դեռ պետք է երրորդ ընթերցմամբ ևս ընդունվի, սակայն ողջ խնդիրն այն է, որ երկրորդից-երրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծն այլևս չի կարող իմաստային կամ որևէ այլ էական փոփոխության ենթարկվել, միայն կոսմետիկ բաներ: Մինչև երրորդ ընթերցման ներկայացնելը օրենսգրքի նախագիծը միայն խմբագրական շտկումների կարող է ենթարկվել:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ չնայած երեկվա նիստին Մհեր Սեդրակյանը և Սեյրան Սարոյանը բացակայում էին, արտահերթ նիստի ընթացքում ոտք չեն դրել խորհրդարան, բայց միևնույն է՝ նրանք կողմ են քվեարկել:
Ներկայիս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենախայտառակ և մեր երկրի համար վնասակար ամենաշատ օրենքներ ընդունած հաստատություն: Իսկ ինչ վերաբերում է ընդունված փաստաթղթին, այն նախատեսվում է ուժի մեջ մտցնել եկող տարվա հունվարի 1-ից: Թերևս դրանից մի քանի ամիս անց բոլորի համար ակնհայտ կդառնա, թե այդ փաստաթուղթն ինչ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի տնտեսության համար, և ինչու են ընդդիմադիրներն ասում, որ այս օրենսգիրքը Հայաստանի դեմ դավադրություն է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: