Սեպտեմբերի 27-ին Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Բանաձևի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև 1919թ. թուրքական ռազմական տրիբունալի կողմից: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի վերապրած ողբերգության մասին իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդ սերնդին՝ նման ոճիրների կրկնությունը կանխելու համար:
Բազիլիկատայի մարզային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 108-րդ խորհուրդն է: