«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին չի նշանակում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ձգձգումը շատ պարզ և տեխնիկական պատճառ ունի` Էդվարդ Նալբանդյանը պետք է վերադառնա Հայաստան: Ենթադրվում է, որ երեկ գիշեր նա արդեն պետք է վերադարձած լինի, ըստ այդմ, այսօր կամ վաղը կհրապարակվի նրա՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիրը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի խնդրին, ապա այդ պաշտոնում նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վ. Սարգսյանը զբաղվելու է զուտ պաշտպանության նախարարության գործունեության կազմակերպմամբ, այդ թվում՝ գնումներով և մնացած «քաղաքացիական» հարցերով: Իսկ ՀՀ զինված ուժերի ղեկավարումը Սերժ Սարգսյանն իրականացնելու է անձամբ` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: