Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե նոր օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին, քանի որ այս նախագծում հակասահմանադրական դրույթներ կան:

Նա կրկին պնդեց, թե կաթոլիկ եկեղեցին հարկվում է, իսկ առաքելականը՝ ոչ:

Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Բագրատյանն առաջարկում էր հարկել առաքելական եկեղեցին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ «տաս էջանոց առաջարկությունների մեծ մասը մերժվել է»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի որակմամբ՝ այս նախագիծը «նահանջ է փոքր ու միջին բիզնեսի համար»: «ԲՀԿ կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը»,-ասաց նա:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ ասելով, որ այս նախագիծն ավելացնում է հարկատուների բեռը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ դժգոհեց, որ իրենց փորձագետները հրավիրված չեն եղել քննարկումներին: Զուրաբյանին հակադարձեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Պարոն Սահակյան, ես էլ բողոք ունեմ ձեզանից ու ԱԺ աշխատակազմից, ինչի՞ ինձ հրավիրատոմս չեք տվել»,-ասաց նա՝ հավելելով, որ հանձնաժողովում 25 քննարկում է եղել: