Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, այսօր կհրապարակի ըստ «Հայ ազգային կոնգրես»-ի երկու ներկայացուցիչների ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայցերի վարչական գործերի վերաբերյալ որոշումները: Այս գործերի դատաքննությունը կայացել է մայիսի 17-ին:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակով ավագանու թեկնածու Արամ Աբրահամյանը և թիվ 02/30 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Պետրոսյանը դիմել են Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների հետ կապված իրենց բողոքները մերժելու մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու, վարչական վարույթը վերսկսել պարտավորեցնելու և իրենց համար նպաստավոր իրավական ակտ ընդունելու պահանջով:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Ա.Դարբինյանը ԿԸՀ-ից պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 8 ԸԸՀ-ի որոշումը, որով մերժվել էր այդ ընտրատարածքի թիվ 08/08 և 08/09 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ իր բողոքը՝ նման պահանջ ներկայացնելու ոչ իրավասու սուբյեկտ հանդիսանալու պատճառաբանությամբ: ԿԸՀ-ն ուժի մեջ էր թողել ԸԸՀ-ի որոշումը՝ այն համարելով իրավաչափ:

Ս.Պետրոսյանը դիմել էր ԿԸՀ՝ ընդդեմ թիվ 2 ԸԸՀ-ի որոշման, որով մերժվել էր թիվ 02/30 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իր պահանջը: ԿԸՀ-ն մերժել էր Ս.Պետրոսյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով թիվ 2 ԸԸՀ-ի որոշումը: