Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում  Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երևանի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով նոր սկիզբ կդրվի երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության համար:

Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երևանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարևորվում է Երևանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ: