Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրեց զոհերի հիշատակին, այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որի հարևանությամբ գտնվող պուրակում խորհրդանշական ծառ տնկեց: Նշենք, որ նա պաշտոնական այցով Երևան է ժամանել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով:
Անն Իդալգոյին ուղեկցում էին Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, Երևանի փոխքաղաքապետ Կամո արեյանը, Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, և քաղաքապետարանի ավագանու անդամներ:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տպավորությունը շատ խորն է, երկրորդ անգամ է այցելում Ցեղասպանության հուշահամալիր, այս անգամ՝ Փարիզի քաղաքային խորհրդի ավագանու ուղեկցությամբ:
Նա հիշեցրեց, որ անցած տարի Փարիզի քաղաքապետարանում բավականին հետաքրքիր ցուցադրությամբ փորձել են իրենց լուման դնել այս ընդհանուր գործին: «2015 թ ցուցադրությունը մեծ հաջողություն ունեցավ և այն խարսխված է մնացել փարիզցիների հիշողության մեջ »,- ասաց նա և նշեց, որ 2018 թվականին ցուցադրություն կազմակերպելու մի նոր առաջարկ են ստացել, որի շեշտադրումն է՝ սպորտ մարզաշխարհ և Հայաստան: