Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր նոր փոփոխություն է կատարել կառավարության կազմում: Նրա հրամանով այսօր Պավել Սաֆարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Պավել Սաֆարյանը ֆինանսների նախարարության հնաբնակներից է և առավել կոմպետենտ պաշտոնյաներից։ Նա ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնն ստանձնել է 2008 թվականի մայիսի 19-ին: Մինչ այդ` 2001-2008 թվականներին, զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի, իսկ 1997-2001 թվականներին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները:

Նա համակարգում էր նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան ՀՀ պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքները: Պաշտոնավարման տարիների ընթացքում նախաձեռնել է պետական ֆինանսների կառավարման բնագավառի մի շարք բարեփոխումներ:

Մասնավորապես`ՀՀ-ում ներդրել է ՀՀ պետական ծախսերի միջին ժամկետ ծրագրավորման համակարգը, որն օրենսդրությամբ հանդիսանում է բյուջետային գործընթացի անբաժանելի մասը:

2002 թվականից ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը,
2005 թվականից Սաֆարյանը համակարգում է ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ Հայաստանում ծրագրային բյուջետավորման (արդյունքի վրա հիմնված) ներդրման բարեփոխումների աշխատանքները:

2013 թվականին մշակվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը 2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է ու գործում է` դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումների անշրջելիությունը:

Նա համակարգել է Պետական Ծախսերի և Ֆինանսական Հաշվետվողականության զեկույցի պատրաստման աշխատանքային խումբը, որի արդյունքում 2008 թվականին Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես իրականացվել է Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատում:

Պավել Սաֆարյանը հանրային հատվածի ֆինանսների կառավարման ոլորտի մասնագետների միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնացված վերապատրաստումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության ներքո 2002 թվականին ստեղծվել է «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կառավարման խորհրդի նախագահն է հանդիսանում է 2003 թվականից:

Շուրջ վեց տարի աշխատել է ՀՀ հարկային մարմիններում.
1994-1997 թթ. աշխատել է որպես ՀՀ հարկային պետական տեսչության պետ–նախարար: 1991-1994 թթ. զբաղեցրել է ՀՀ նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնը:

ՀՀ հարկային մարմիններում աշխատանքի տարիներին ղեկավարել է հարկային համակարգի հիմնադրման, կառուցվածքային և ֆունկցիոնալ կայացման բարեփոխումների աշխատանքները:
1990-1991 թթ. աշխատել է ՀՀ նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների հանձնաժողովում որպես ֆինանսական բաժնի տնտեսական խորհրդատու, իսկ այնուհետև բաժնի պետ:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1980 թվականին ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, որպես տնտեսագետ: