ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել Գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների ղեկավարներին: Օրակարգում անբարենպաստ եղանակային պայմանների և կարկտահարության հետևանքով ոլորտում ստեղծված լարված իրավիճակի, աղետից տուժած տնտեսություններին հնարավորինս օժանդակելու և տարվա համար նախատեսված տնտեսական ցուցանիշների ապահովման լրացուցիչ հնարավորություններ փնտրելու հարցերն էին:

Ներկայացնելով կառավարության կողմից նախարարությանը տրված հանձնարարականները և վերջիններիս շրջանակներում մարզային կառույցներից ակնկալվող նորովի աշխատանքը, նախարարը նշեց. «Առանձին համայքներում արձանագրված բերքի կորուստն ու ստեղծված դժվարին պայմանները չպետք է անդրադառնան տարվա ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա: Առաջնահերթ խնդիր է հետևողական աշխատանքի և առկա ներուժի նպատակային օգտագործմամբ հասնել նախատեսված ցուցանիշների ապահովմանը: Մանավանդ , որ դրա համար անհրաժեշտ նախադրյալներ մենք արդեն ստեղծել ենք»,- ասաց նա, վերջիններիս շարքում մասնավորապես կարևորելով ընթացիկ տարում 21.5 հազար հա-ով ցանքատարածությունները և 13%-ով անասնագլխաքանակն ավելացնելու փաստերը:

Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաև տեղում իրավիճակին անբողջովին տիրապետելու, անհրաժեշտ և հավաստի տեղեկատվությամբ նախարարությանն ապահովելու, նոր , լրացուցիչ ծառայություններով արտաբյուջետային միջոցներն ավելացնելու և նման օրախնդիր այլ հարցերի վրա:

«Դուք, որպես պետության ներկայացուցիչ, պետք է ոչ միայն շարունակաբար լինեք գյուղացու կողքին, այլև ձեր մասնագիտական խորհրդատվությամբ օգնեք նրան ժամանակին և հնարավորինս արդյունավետորեն լուծել իր առջև ծառացած խնդիրները: Հիշե'ք, որ օրվա պահանջը, ոչ թե կատարված աշխատանքն է, այլ` վերջինիս արդյունքը»,- ասաց նախարարը:

Շահագրգիռ քննարկման ընթացքում ԳԱՄԿ-երի տնօրենները հավաստիացրին, որ հաշվի առնելով տարվա դժվարություններն ու յուրահատկությունը, կարվի ամեն ինչ տարվա համար նախատեսված ծրագրերն անբողջությամբ իրականացնելու համար:

Խորհրդակցության ավարտին նշվեց նաև, որ մասնակիցների աշխատանքի գնահատականը պետք է տրվի տարեվերջին, ըստ նրանց ցուցաբերած աշխատանքի արդյունավետության: