«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը մինչև հոկտեմբերի 23-ը խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ քննարկվել է ծրագրի նախագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին: Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են: Ենթադրվում է, որ կառավարության ծրագիրը ԱԺ կներկայացվի երկուշաբթի առավոտյան՝ հոկտեմբերի 24-ին: Խորհրդարանը նոր կառավարության ծրագիրը պետք է քննարկի և որոշում կայացնի հինգօրյա ժամկետում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով եկող չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: