Խորհրդարանում շարունակվող քննարկումների արդյունքում քիչ առաջ կայացավ ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ ընդդիմություն-իշխանություն համաձայնությունը:
«Ընդհանուր 5 քաղաքական ուժերի քննարկման արդյունքում մենք եկանք համաձայնության, որ պետք է տարանջատում կատարել դիտավորյալ կատարված սուտ մատնության և անզգուշաբար կատարված մատնության միջև: Ինձ թվում է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ եկան համաձայնության, որ այս ամիսների աշխատանքը անտեղի չանցնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Դավիթ Հարությունյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ առաջարկվող քրեական պատիժը մեղմացվել է. ըստ այդմ՝ կնախատեսվի 200-800 հազար դրամ տուգանք, կամ՝ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անհասկանալի է, որ պատիժը պետք է տարածվի նաև հանցավոր անփութության դեպքում:
«Չի կարող դիտավորությամբ սուտ հայտարարություն անելը պատժվի այնպես, ինչպես հանցավոր անփութությունը: 2 տարի նախատեսվում է, եթե սուտ հայտարարությունն արվում է դիտավորությամբ, բայց անհասկանալի է, որ նույն պատիժը պիտի տարածվի հանցավոր անփութության վրա: Դրա համար այստեղ եկանք այն կոմպրոմիսին, որ պատիժը լինում է տուգանքի տեսքով, կամ՝ ծայրահեղ դեպքերի համար նախատեսվի մինչև երկու տարի ազատազրկում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը: