Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Արդարադատության նախարարության՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն ու ասաց, որ այդ կառույցի աշխատանքի վերաբերյալ դժգոհություն կա հանրության շրջանում:
Վարչապետի խոսքով՝ դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին. «Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց իր դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին առաջինը՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր այն միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն այն դեպքում, եթե ամբողջովին պահպանված չեն օրենքով նախատեսված պահանջները: Երկրորդը՝ եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են ակտեր ներկայացնում հարկադիր կատարման՝ չպահպանելով օրենսդրության պահանջները, և մեկամսյա ժամկետում ներկայացնել առարկություն՝ հարկադիր կատարողի կողմից պարտապանների գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցում ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների՝ էլ փոստի միջոցով, հաղորդագրությունների և այլնի վերաբերյալ»: