Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության որոշմամբ կալանք է դրվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա։

Այս մասին հայտնում են «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունից և նշում, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետև բանկային հաշիվը որևէ կապ չունի նրան առաջադրված մեղադրանքների հետ, նաև դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվը Ալեք Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է:

Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը 2016թ. հուլիսի 30-ին կալանավորվել էր և ազատ արձակվել օգոստոսի 8-ին։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ նա բերման էր ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու կասկածվում է օժանդակելու մեջ։