ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանին է մոտենում ցուրտ մթնոլորտային ցիկլոն, որը կթուլանա հոկտեմբերի 27-ից հետո:

Այս անգամ Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին մեր երկիրը գտնվելու է նրա ազդեցության գոտում:

Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, իսկ 25-ին տեղումները կլինեն միջին ինտենսիվության, հոկտեմբերի 26-ին ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա, ինչի հետևանքով տեղումները արդեն կլինեն ինտենսիվ:

Դեպի հոկտեմբերի 27-ը ցիկլոնը աստիճանաբար կթուլանա: Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին կնվազի 8-10 աստիճանով: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն: Նշված ժամանակահատվածում հորդորում ենք շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: