Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով դատաքննությունը:

Ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Վ. Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34 -305-րդ հոդվածով՝ քաղաքական գործչի այսինքն՝ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձը կազմակերպելու մեջ, Խաչատուր Պողոսյանը մեղադրվում է 2 հոդվածով՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ, ամբաստանյալ Սամվել Հարությունյանը նույնպես մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ:

Այսօր դատարանում ներգրավվեց հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը որպես ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան:

Լ. Ավետիսյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստերին ապահովվի տուժող Պ. Հայրիկյանի ներկայությունը: Նա 3 օր առաջ վերադարձել է Հայաստան և հետվիրահատական բժշկական հետազոտություն է անցնում:

Դատարանը ընդմիջեց դատական նիստը, որպեսզի Պ. Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը պարզի, թե նա երբ կարող է մասնակցել դատական նիստին: