Խելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրա, սովորական մարդը սովորում է իր սխալների վրա, դե իսկ մարդիկ, ովքեր անգամ սեփական սխալների վրա չեն կարողանում սովորել․․․ Մի խոսքով՝ դուք ինձ հասկացաք։ Երրորդ տեսակի մարդիկ բնավ քիչ չեն մեր շուրջբոլորը, բայց համաձայնվե՛ք, եթե մեր կողքին անխելքների առկայությունը նորմալ է ու նույնիսկ բնականոն, ապա իշխանության բարձր օղակներում անխելք մարդ ունենալն աղետ է։
Թվում էր, թե Տարոն Մարգարյանը մի կերպ յուրացրել է այն պարզ իրողությունը, որ կոնկրետ իր պարագայում լավագույն լուծումը «тише воды, ниже травы» մնալն է, ու տևական ժամանակ կարողանում էր խուսափել ֆեյսբուքյան բուռն ալիքներից։ Բայց Տարոն դու Տարոն, չդիմացավ ու տևական լռությունից հետո իսկական շռնդալից քամբեք արեց վիրտուալ ուշունցի դաշտ։
Ես վաղուց հույսս կտրել եմ, որ փիառ ու Երևանի քաղաքապետարան հասկացությունները երբևէ ընդհանուր հայտարար կունենան իրար հետ, բայց համաձայնվեք՝ արդեն փիառն էլ է մեծ շռայլություն։ Իրոք պետք է հակափիառի հանճար լինես, որպեսզի հոկտեմբերի 27-ի նախօրեին դպրոցական խուլիգանի պես խոսես այդ ողբերգության զոհ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի հետ։ Դե իսկ այսպիսի պանծալի հերոսությունից հետո թույլ տալ, որ Երևանի կենտրոնում հնագույն շինություններից մեկը պայթեցնեն՝ առանց պատշաճ զգուշացման ու քննարկումների. դա արդեն հակափիառի հանճարի բան չէ, դա ինքնախարազանման գուրուի մակարդակ է արդեն։
Այնպես չէ, որ դարի բացահայտումը կլինի, եթե ասեմ, որ Տարոն Մարգարյանը պարզապես իրավունք չունի զբաղեցնելու Երևանի քաղաքապետի պաշտոնի պես բարձր օղակ, բայց եկեք արձանագրենք, որ այս երկու իրադարձությունները հերթական անգամ հիշեցնում են մեզ այդ մասին։ Չի կարող մարդը, ով զուրկ է թե՛ տակտի զգացումից, թե՛ ինքնավերլուծություն անելու ունակությունից, այսքան երկար մնալ այդ պաշտոնին։ Ու արդեն հավես էլ չկա պարոն Տարոնին երկար-բարակ, կետ առ կետ բացատրելու, թե ինչով էր սխալ, ինչը կարելի էր անել այլ կերպ և ինչու, որովհետև ասողին լսող է պետք, իսկ տվյալ պարագայում գործ ունենք պաթոլոգիական համառության ու «խլության» հետ։
Terra Incognita ֆեյսբուքյան էջից: