ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ: Փոխվարչապետը նրանց տեղեկացրեց կառավարությունում տեղի ունեցող քննարկումների մասին` նշելով, որ օժանդակության չորս ուղղություն է քննարկվում, որոնք վերաբերում են բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների հետ կապված խնդրին, հակակարկտային կայանների թվի ավելացմանն ու կայանների արդյունավետության բարձրացմանը, տարբեր ենթակառուցվածքների (այդ թվում` ոռոգման) միջոցով օժանդակության ցուցաբերմանը, այլ` այդ թվում նաեւ ֆինանսական աջակցությանը: Արդեն ավարտվում են վնասի չափերի ճշգրտման եւ գույքագրման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի որոշել կառավարության աջակցության հիմնական ուղղությունները:

Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ Արմավիրի մարզպետարանում կայացած հանդիպմանը հիմնականում քննարկվեցին տուժած տնտեսություններին ֆինանսական օժանդակության, վարկային պարտավորությունների սառեցման հնարավորության եւ գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նրանց առաջարկեց իրենց ներկայացուցիչներից ստեղծել հասարակական հանձնաժողով եւ պատրաստակամություն հայտնեց ուղղակիորեն աշխատել հանձնաժողովի հետ ու քննարկել կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը: Հանդիպման մասնակիցները խնդրեցին իրենց մտահոգություններն անհապաղ փոխանցել ՀՀ նախագահին եւ վարչապետին: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում կառավարությունում մոտեցումները կճշգրտվեն, եւ այդ մասին կհայտարարվի: