Անկախ նրանից՝ շատ հարցերում համաձայն եմ, թե ոչ, ՌԴ ԱԳՆ Տեղեկատվական և լրատվության դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովայի տեսակետներին և մեկնաբանություններին, սակայն մշտապես հիանում եմ նրա անցկացրած բրիֆինգներով:
Նա գրագետ է, ճարտար, ճկուն, անկաշկանդ, արագ կողմնորոշվող, պետք եղած ժամանակ կտրուկ, փայլուն քաղաքագիտական, դիվանագիտական գիտելիքներ ունի: Մի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ մարդն իր տեղում է լիարժեք…
Նրան չես համեմատի պսակիների կամ մյուս երկրների ԱԳՆ խոսնակների ու առհասարակ պաշտոնյաների և լրատվության պատասխանատուների հետ, որոնց գրեթե ոչ մեկը չի ճանաչում: Հետաքրքիր է, որ նա չի խուսափում և շատ հանգիստ, պարբերաբար՝ նույնիսկ շաբաթը մի քանի անգամ, հարցազրույցներ, հանդիպումներ է կազմակերպում, հիմնականում տալիս խելացի, խորիմաստ պատասխաններ, գնահատականներ և մեկնաբանություններ:
ՌԴ ԱԳՆ խոսնակն արտակարգ տիրապետում է անգլերեն, չինարեն լեզուներին, ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական երկրորդ կարգ, Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ է, պատմական գիտությունների թեկնածու:
Մեր որոշ ղեկավարներ, պաշտոնյաներ, լրատվության պատասխանատուներ, որոնք լրագրողների տեսքից արդեն սարսափահար փախչում են կամ տալիս անտեղյակ ու այլմոլորակային, հաճախ նաև ծիծաղ առաջացնող պատասխաններ, շատ բան ունեն սովորելու նրանից...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից: