«Վաղը՝ նոյեմբերի 10-ին, տեղի կունենա Գյումրու ավագանու հերթական նիստը։
Օրակարգում ընդգրկված Է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 18-ը Ա 46-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը։

Եթե ավագանու կազմը կողմ քվեարկի սույն նախագծին, ապա Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող կառույցում աշխատանքից կազատվեն միանգամից 38 աշխատակից։

Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ ըստ նախապես հրապարակած վերոնշյալ նախագծի, գործազուրկ կդառնա 17 համայնքային ծառայող, 19 աշխատակից՝ տեխսպասարկման անձնակազմից և երկու հայեցողական պաշտոններ ունեցողներ։

Այս փոփոխության արդյունքում համայնքային բյուջեն կտնտեսի 28 միլիոն 35 հազար ՀՀ դրամ։ Տեղեկացնենք, որ մինչ այս նախագծի իրականություն դառնալը, Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցների ընդհանուր թիվը կշարունակի լինել 646։

Armtimes. com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` կրճատման տակ հայտնված աշխատակիցների, հատկապես բաժնի պետերի համար այս «օպտիմալացումը» պատիժ Է։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք ընտրությունների ժամանակ նեղացրել են «սեփական» շեֆին՝ Բալասանյանին։ Փոխարենը սատարել և ձայներ են «խփել» Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության համար։

Ըստ նույն աղբյուրների Գյումրու քաղաքապետարանում ներկայում առկա Է լարված, պայթյունավտանգ իրավիճակ։ Աշխատակազմը ճամբարների Է բաժանված, մեծ մասն անհանգիստ է, վախով Է մտնում քաղաքապետարան, ամեն պահի սպասում են լսել այն մարդկանց անունները, ովքեր կրճատվողների ցուցակում են։

Նույնիսկ քաղաքապետարանում ոչ բոլորին են հասանելի ազատվողների անունները։ Ցուցակը հույժ գաղտնի Է պահվում։ Տեղեկացված են միայն Բալասանյանին նվիրված հավատարիմները»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: