ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը գտնում է, որ հակառակորդի կողմից առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի արկակոծումը առանձնապես որևէ բանով պայմանավորված չէ և դա Ադրբեջանի պետության էությունն է:
«Իհարկե այն, որ զորավարժություններ են անցկացվում, այդ համատեքստում էլ են խախտում զինադադարի ռեժիմը, բայց սա այդ պետության էությունն է, և նման պետությունները հենց այդպիսի քաղաքականություն են վարում»,- մանրամասնել է նա:
Դավիթ Բաբայանը նշեց, որ որքան Ադրբեջանի սոցիալտնտեսական վիճակը բարդանում է, այնքան Ադրբեջանն ապակառուցողական դիրք է ընդունում, կրկին շահարկվում է արտաքին թշնամու կերպարը, որպեսզի բնակչությանը շեղի առկա խնդիրներից, ինչը նաև կանխատեսելի է:
«Ամեն ինչ արվում է մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար, ինչն ամենակարևոր և ամենագործուն մեխանիզմն է, որպեսզի խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում պահպանվի։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա և վստահեցրեց, որ միշտ էլ համապատասխան միջոցներ ձեռնարկվելու են Արցախի անկախությունը և անվտանգությունը ապահովելու համար:
«Սակայն խոսել այն մասին, որ կա նախապատերազմական վիճակ, դա իհարկե այդպես չէ, բայց այն, որ հավանականությունը քիչ է, դա չի նշանակում, որ մեր զգոնությունն էլ պետք է քիչ լինի, կամ նվազի, կամ էլ նման երևույթների վրա չպետք է ուշադրություն դարձնենք: Իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց բան չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է համանախագահողների արձագանքին, ապա ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը մեջբերեց երկու օր առաջ ԱՄՆ դեսպանի Ադրբեջանում արած հայտարարությունն, ըստ որի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը բանակցային և խաղաղ ճանապարհին այլընտրանք չկա: «Նա դա արել է այս զորավարժությունների նախօրեին, ինչը հստակ մեսիջ, պատգամ է, որ Ադրբեջանը հանկարծ չմտածի իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ»,- հավելեց նա: