Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նոյեմբերի 16-ի նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար 110 միլիոն դրամի տուգանք կիրառել «Երևան Գարեջուր» ընկերության հանդեպ: Լրացուցիչ ստացված շահույթն ամբողջությամբ կփոխանցվի պետբյուջե:
Հանձնաժողովը, նախորդ տարեվերջից սկսած, ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք և գրավում է շուկայի մոտ կեսը, ՏՄՊՊՀ-ը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը:
Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումներում ընկերությունը նշել է, որ ավելացել են արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ ծախսեր և 6 տոկոսով կրճատվել են գարեջրի իրացման ծավալները:
Վերոնշյալ պարզաբանումների հիմնավորվածությունը մանրամասնորեն ուսումնասիրվել է Հանձնաժողովի կողմից: Պարզվել է, որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաև այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել:
Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:
ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ընկերությունը, գարեջուր ապրանքային շուկայում ունենալով գերիշխող դիրք, չարաշահել է այն և գործել մրցակցային օրենսդրության խախտումներով: Հանձնաժողովը հետևողական է հատկապես խոշոր ընկերությունների գործունեության հանդեպ և ևս մեկ անգամ հորդորում է աշխատել բացառապես արդար մրցակցության կանոններով:
«Գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գործունեությունը մշտապես գտնվում է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Նման տնտեսվարողները պետք է իրենց վարքագծով, ինչպես նաև գնային քաղաքականությամբ լինեն առավել զգոն, քանի որ նրանց անօրինական քայլերի հետևանքով տուժում են սպառողները, իսկ գլոբալ առումով նման գործելաոճը կարող է ազդել նաև մրցակցային ընդհանուր իրավիճակի վրա, ինչն անընդունելի վարքագիծ է»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ մեկ անգամ ևս հորդորելով զերծ մնալ ապօրինի գործունեության իրականացումից: