«Մինչ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները ամիսներ շարունակ բարձրաձայնում են, որ առողջ վիճակով, «իր ոտքով Երևան-Կենտրոն» ՔԿՀ մտնելուց հետո Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, և 50 մետր տեղաշարժվելու համար նրան կողմնակի օգնություն է անհրաժեշտ, ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ վերջապես բարեհաճեց այդ առիթով հայտարարությամբ հանդես գալ. «Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն. հրավիրվել է բժշկական կոնսիլիում...
Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի»: Ավելին՝ ԱՆ-ն լրացուցիչ հետազոտությունների համար անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, որտեղից երեկվա դրությամբ պատասխան չէր ստացվել:
«Զայն բարբառոյ յանապատի» վիճակ է նաև քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի մոտ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչպես են վերաբերվում կալանավայրում ՀՀ քաղաքացու, նախկին փոխվարչապետի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին զրուցեց իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վ. Շիրխանյանի կնոջ՝ Բուրաստան Շիրխանյանի հետ, ով վերջերս է տեսակցել ամուսնուն: Նա հայտնեց, որ ամուսնու վիճակն օր օրի ավելի ծայրահեղ է դառնում: ՔԿՀ-ում թոքի կաթված ստանալուց և ոտքի թրոմբի վիրահատության ենթարկվելուց հետո նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում:
Գուցե, եթե նոյեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը կայանար, և լրագրողներն իրենց աչքով տեսնեին ու արձանագրեին Շիրխանյանի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, պետական «պատժիչ» գերատեսչություններն ավելի զուսպ գտնվեին իրականությունից հեռու հայտարարություններ անելուց առաջ»,–գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: