«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, պարզվում է, ընդամենը առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով: Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ 18-ին, երրորդը՝ դեկտեմբերի 22-ին: Այս երեք օրերի համար 1 ավիատոմսի արժեքը սկսվում է 7 հազար 117 դրամից, իսկ դրանից հետո 17 հազար, ապա՝ 21, 25 և 29 հազար դրամներ:
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի վերջին շաբաթը նախատոնական է, կարելի էր տրամաբանական համարել թանկացումը, սակայն «Պոբեդա»-ն տոներից հետո էլ հունվար ամսին ամենաէժան տոմսը սահմանել է 17 հազար դրամ:
7 հազար 117 դրամ արժողությամբ տոմս ունենալու դեպքում քաղաքացին ինքնաթիռում կարող է կրել հետևյալ իրերը՝ կանացի պայուսակ կամ պորտֆել, հովանոց, ձեռնափայտ, ծաղկեփունջ, վերնաշապիկ, կոստյում, տպագիր մամուլ և պլանշետ:
Ի դեպ, բոլոր տոսմերն սկսվում են 7 հազար 117 դրամից, սակայն ամեն մի հավելյալ ծառայության համար առանձին վճար է նախատեսված: Օրինակ՝ ընտանի կենդանու հետ ինքնաթիռ բարձրանալը վճարովի և այլն: Հավելյալ վճարի դեպքում ավիաընկերությունը Երևանից Գյումրի ավտոբուսով փոխադրում էլ է կատարում:
Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն ազատվեց, այսպես ասած, «օդի փող»-ից 2014 թվականին կառավարության դեկտեմբերի 11-ին նիստում ընդունված որոշումից հետո, երբ առաջարկվեց փոփոխության ենթարկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, որպեսզի Գյումրիի օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: