Ռուս-թուրքական «սիրավեպն» այնքան է խորացել, որ նեոօսմանիզմի ջատագով, Թուրքիայի բռնապետ Ռ.Էրդողանը նույնիսկ կարող է Թուրքիային «պատկանող» Ղրիմը, որն օկուպացվել է ՌԴ-ի կողմից, ճանաչել որպես Ռուսաստանի մաս:
Ղրիմում տիրող իրավիճակին ծանոթանալու համար նոյեմբերի 23-ին թերակղզի է ժամանել բավական «ծանրակշիռ» թուրքական պատվիրակություն: Ըստ «Российская газета»-ի՝ պատվիրակության մեջ են եղել Էրդողանի հարազատ կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Հասան Ջենգիզը, Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Երլին, Անկարայի փոխքաղաքպետ Ահմեդ Թունջը և Էրդողանի զարմիկ Մեհմեդ Մութլուն: Ընդհանուր առմամբ պատվիրակությունը բաղկացած է եղել 30 հոգուց: Գլխավոր հարցը, որը քննարկվել է պատվիրակության և Ղրիմի ղեկավարության միջև՝ ուղիղ ավիաչվերթների բացման հարցն է թուրքական քաղաքների և Սիմֆերոպոլի միջև:
Ղրիմ այցելած թուրքերը «հաճելիորեն զարմացած» են այնտեղ բնակվող թաթարների նկատմամբ պաշտոնական Մոսկվայի վարած քաղաքկանությունից և մեղադրել են Արևմուտքին՝ Ղրիմում տիրող իրավիճակի վերաբերյալ ստահոդ լուրեր տարածելու մեջ: «Խեղճ» թուրքերը հիմա էլ «միամիտ» ռուսներին ուզում են համոզել, որ նրանք Ղրիմի վերաբերյալ տեղեկությունները ստանում են հակառուսական և հակաթուրքական կողմորոշում ունեցող Արևմուտքից: Իսկ ինչո՞վ են զբաղվել միչև հիմա Ուկրաինայի Ռադայի պատգամավոր, իր հակահայկական բարբաջանքներով հայտնի Թուրքիայի գործակալ Մուստաֆա Ջեմիլևը և նրա գործընկերները: Նրանք է՞լ են սխալ տեղեկություններ հայտնել Անկարային:
Որոշ ժամանակ առաջ էլ Էրդողանը Պուտինին համոզել էր, որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Էրդողանի թշնամիների հրամանով: Անկարայում «մոռացել» են, թե ինչպես հաջորդ օրը Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ա.Դավութօղլուն հայտարարեց, որ հենց ինքն է հրաման տվել խոցել ռուսական ինքնաթիռը, և թուրքերը ԵՐԲԵՔ ներողություն չեն խնդրի Պուտինից: ՌԴ նախագահը «մոռացել» է այդ մասին: Ի դեպ, մինչև վերջ էլ ներողություն չխնդրեցին: Մերձպուտինյան շրջապատը Պուտինին հասցեագրված Էրդողանի նամակը ռուսաստանցիներին փորձեց ներկայացնել որպես «ներողություն-նամակ», սակայն այն շատ արագ հերքվեց հենց նույն ռուսաստանցի թուրքագետների կողմից:
Ռուս-թուրքական հարաբերությունները կագավորելու համար Անկարան և Բաքուն գնել են մինչև վերջերս իր հակաթուրքական կեցվածքով հայտնի Վ.Ժիրինովսկուն, ով այս օրերին Էրդողանի հրավերով գտնվում է Անկարայում:
Ռուս քաղաքական գործիչները երբեք դասեր չքաղեցին 12 ռուս-թուրքական պատերազմներից: Երբեք չհասկացան, որ թուրքերի համար Ռուսաստանը ՄԻՇՏ էլ թշնամի է եղել ու ԿՄՆԱ: Կարևորն այն է, որ Պուտին-Էրդողան «սիրավեպի» արդյունքում կրկին չտուժի հայ ժողովուրդը, ինչպես դա եղավ Քեմալ-Լենին «ֆլիրտի» ժամանակ 20-րդ դարի սկզբին, երբ նույն Լենինի տրամադրած զենքվ և ոսկով թուրքերը վերջնական հաշվեհարդար տեսան նախկին Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի նկատմամբ, իսկ բոլշևիկների առաջնորդն էլ ռուս-թուրքական բարեկամության ամրապնդմանն ընդառաջ պատմական Հայաստանի հողերի մեծ մասը նվիրեց փոքրասիական և կովկասյան թուրքերին: Իսկ թուրքերն էլ, որպես շնորհակալություն, ընկան Մոսկվայի թշնամիների գիրկը, իսկ հետո էլ դարձան ՆԱՏՕ-ի անդամ: Պաշտոնական Երևանը պետք է պատրաստ լինի ամեն տեսակ ֆորսմաժորային իրավիճակների, քանի որ Մոսկվայի և Անկարայի մերձեցման հետանքներն անկանխատեսելի են և մեզ համար վտանգներ պարունակող:
Հ.Գ. Ժամանակին Լենինին խաբելու համար, որ Թուրքիան սոցիալիստական երկիր է դառնալու, Մ.Քեմալն ընդամենը «կարմիրով ներկեց» Թուրքիայի դրոշը: Տեսնես Էրդողանը Պուտինի քթից ման տալու համար ի՞նչ է հնարելու: Անկարայում վաղուց են խոսում Պուտինյան ԵՏՄ-ին կամ Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ դառնալու մասին: Սակայն 1952 թ-ից ի վեր Անկարան անդամակցում է ՆԱՏՕ-ին և հիմա էլ երազում է դառնալ Եվրամիության անդամ:
Հետաքրքիր է, Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, առաջի՞նն այդ կազմակերպությունից կճանաչի Ղրիմը՝ Ռուսաստանի մաս, թե՞ դա այդպես էլ հռետորաբանություն էլ կմնա, իսկ այսպիսի այցերն էլ Պուտինին խաբելու հերթական քայլերից է:
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: