ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը կիրակի չնախատեսված այցով ժամանել է Իրաք և հանդիպել երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Պենտագոնի մամլո ծառայությունը, գործիչները քննարկել են Մոսուլի ազատագրմանն ուղղված գործողություններն ու իրաքցի քրդերի հետ համագործակցության հարցը:


«Նրանց արդյունավետ զրույցը գլխավորապես նվիրված է եղել «Իսլամական պետություն» խմբավորման ոչնչացմանն ուղղված ռազմարշավին: Նրանք քննարկել են Մոսուլում իրականացվող ռազմական գործողությունների հաջորդ քայլերը, ներառյալ` Իրաքի կառավարության և քրդական շրջանի ղեկավարության միջևսերտ համագործակցության անհրաժեշտության հարցը», - հայտնել են ամերիկյան գերատեսչությունից:

Երկու գործիչներն էլ ընդգծել են, որ Մոսուլի ազատագրումից հետո էլ կշարունակեն դուրս մղել ԻՊ-ի գրոհայիններին Իրաքից:

Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը հանդիսացող Մոսուլը երկու տարի է, ինչ գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ: Քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները, որոնց մասնակցում են Իրաքի կառավարական ուժերն ու «Փեշմերգա» քրդական զորամիավորումը, սկսվել են հոկտեմբերի 17-ին: Ռազմարշավն իրականացվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: