Երևանի Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով այսօրվա դատական նիստում սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը պնդեց, որ սպանությունն իր ու տուժողի միջև ծագած վեճի հետևանք է: Նա հայտարարեց, որ սպանությունը պատվիրված չի եղել, որևէ պայմանավորվածություն չի եղել ու նախապես ծրագրված չի եղել, ոչ ոք իրեն չի օգնել: Ըստ նրա, գործով մեղադրված այլ անձինք անմեղ են, պատվիրատուի մասով գործը շինծու, իսկ իրեն այդ գործով որպես վկա ներգրավելն՝ անհիմն:
Դատապարտյալը պնդեց իր նախաքննական ու դատաքննական ցուցմունքները: Ա.Առուշանյանի, այսինքն՝ բուն սպանության, գործով դատավճռում տեղ գտած նրա ցուցմունքների համաձայն, Սեդրակ Զատիկյանն՝ իր ընկերների հետ միասին, իրեն դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով ինքն ուղեղի ցնցում է ստացել, տառապել երիկամի ցավերից ու դեպրեսիայից: Արսեն Առուշանյանը մայր գործի շրջանակներում հայտնել էր, որ վերցրել է ինքնաձիգը ոչ թե սպանություն կատարելու, այլ Ս.Զատիկյանին կանգնեցնելու նպատակով, սակայն վերջինս մեքենայի ընթացքն ուղղել է իր կողմը, չի հիշում, թե ինչպես է սպանությունը կատարվել: Այն ժամանակ նա նույնպես պնդել էր, որ հանցագործությունը կատարել է միայնակ, որևէ մեկի հետ նախնական համաձայնություն ու որևէ մեկի պատվեր չի եղել, սպանությունը չի կատարվել Ստեփան Հակոբյանի ու Նարեկ Խաչատրյանի դրդմամբ:
Ամբաստանյալը հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի գործով դատավարության մասնակիցների հարցերին՝ հայտարարելով, որ այսօրվանից հացադուլ է սկսում:
Գործով հաջորդ երկու դատական նիստերի ընթացքում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, կհարցաքննի մայր գործով սպանությանը օժանդակելու մեղադրանքով դատապարտված Լուսինե Ղևոնդյանին ու Արթուր Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու վկա հրաժարվել էին իրենց նախաքննական ցուցմունքներից՝ հայտարարելով, որ Ս.Հակոբյանի դեմ ցուցմունքները նախաքննության ընթացքում տվել են ոստիկանության բաժնում իրենց նկատմամբ գործադրված բռնությունների ազդեցության տակ։
Հաշվի առնելով «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ» 1984 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 11-րդ հոդվածների դրույթները՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վկաների՝ բռնությունների մասին ցուցմունքներն ուղարկել է ՀՔԾ՝ կցելով վկաների ցուցմունքների ձայնագրառումները։