2017թ-ի ապրիլի մեկից ԱՊՊԱ ոլորտում սկսելու է գործել «ուղիղ հատուցման» համակարգը, ըստ որի՝ վթարի դեպքում պատճառված վնասը կհատուցի հենց ձեր ապահովագրական ընկերությունը անկախ նրանից, թե ով է հարվածել և որ ընկերությունում է կնքել ԱՊՊԱ պայմանագիրը տվյալ պատահարի մեջ մեղավոր անձը:
Մեր երկրի համար ԱՊՊԱ-ի բնագավառում այս նորարարության մանրամասները պարզելու համար BlogNews.am-ը զրուցել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանի հետ:
«Ուղիղ հատուցման համակարգը գործում է բոլոր զարգացած երկրներում, և ԱՊՊԱ-ի ներդրման բնականոն ընթացքին բնորոշ է անցումը հենց նման համակարգին: Ցանկացած ապահովագրական ընկերություն ձգտելու է հնարավորինս լավ սպասարկել, լավ հատուցել իր սեփական հաճախորդին, ինչն էլ իր հերթին հաճախորդի կողմից հետագայում ևս տվյալ ապահովագրական ընկերության հետ համագործակցելու լրացուցիչ գրավական է: Ուղիղ հատուցման համակարգի ամենամեծ առավելությունն այն է, որ ապահովադրին սպասարկում է իր իսկ ընտրած ապահովագրական ընկերությունը, ինչը արմատապես տարբերվում է այն համակարգից, որը գործում է ներկայումս, երբ հատուցում տրամադրում է մեղավորի ապահովագրողը»,- նշում է Աղավելյանը:
Ստացվում է, որ նոր համակարգը ապահովագրական ընկերությունների հաճախորդներին ազատում է ավելորդ քաշքշուկներից, ինչպես նաև ժամանակի կորստից: Սա էլ իր հերթին դրդում է քաղաքացուն ընտրել այն ապահովագրական ընկերությունը, որտեղից նա ուզում է ապահովագրական դեպքի վրա հասնելուն պես հատուցում ստանալ: Այս դիտարկումը պրն. Աղավելյանը համարում է ճիշտ և ավելացնում. «Միջազգային փորձն ապացուցում է, որ նման համակարգը ավելի էֆեկտիվ է թե՛ ապահովագրական ընկերությունների և թե՛ ավտոսեփականատերերի համար, որովհետև նման դեպքում ապահովագրական ընկերությունը արդեն գործ ունի իր հաճախորդի հետ, ու բնականաբար, ցանկացած ընկերություն կձգտի իր հաճախորդի գոհունակությունն ապահովել: Ընդ որում՝ այս համակարգը ապրիլի 1-ից տարածվելու է նաև հիմա կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի վրա»: