Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, անդրադառնալով դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը, ուշադրություն է հրավիրել հետաքրքիր մի զուգադիպության վրա:
Պարզվում է՝ դեսպանի սպանության երեկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղևորվում էր Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր թատրոն, որտեղ պատրաստվում էր դիտել ռուս դասականներից Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը։ Ինչպես հայտնի է՝ Ալեքսանդր Գրիբոյեդովը Ռուսական կայսրության դեսպանն է եղել Պարսկաստանում, որտեղ սպանվել է 1829 թ.-ին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշի մի քանի կրակոցով սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Հրաձիգը վնասազերծվել է տեղում: Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳՆ-ները հարձակումը որակել են ահաբեկչություն: