Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:


Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:


Հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ նիստի օրակարգին անցնելը ողջունել է ներկաներին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, հակիրճ անդրադարձել Միության շրջանակներում մինչ այժմ մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներին, կայացված կարևորագույն որոշումներին, ինչպես նաև զարգացման հեռանկարային ծրագրերին: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման արդյունքներն էլ ավելի կխթանեն ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսական փոխգործակցությունը:

Նիստի սկզբում պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել ՌԴ նախագահին` երեկ Սոչիում ռուսական Տու-154 ինքնաթիռի վթարի և բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Կանոնակարգի համաձայն նիստը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Օրակարգի հարցերի շարքում նախագահները քննարկել և ստորագրել են Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագիրը, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ որոշումները: Ի թիվս այլ հարցերի, նիստի արդյունքներով ստորագրվել են ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության վերաբերյալ համապատասխան որոշումները:

2017 թվականից Կազմակերպությունում կնախագահի Ղրղզստանի Հանրապետությունը: