ՀԱՊԿ-ն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը սադրանք է համարում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Թվում էր, որ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»,- հայտարարել է Բորդյուժան:
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: