«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Լիվերպուլի» հետ տնային ոչ ոքին 1:1 հաշվով:
«Ստադիոնում մթնոլորտը հրաշալի էր: Ցանկանում եմ ավելի հաճախ տեսնել այսպիսի մթնոլորտ «Օլդ Տրաֆորդում»: Շնորհակալություն երկրպագուներին: Նրանք հավատացին մեզ եւ երկրպագեցին մինչեւ վերջ:
Սա լավագույն արդյունքը չէր մեզ համար, սակայն վատ չէ, քանի որ պարտվում էինք խաղի ընթացքում: Մենք կարող էինք ե՛ւ հաղթել, ե՛ւ պարտվել, բայց կարծում եմ, որ ավելի արժանի էինք հաղթանակի, քանի որ ցուցադրում էինք հրաշալի թիմային խաղ: 1:1 հաշվի ժամանակ փորձում էինք խփել նաեւ երկրորդ գոլը, սակայն չստացվեց: Սա վատ արդյունք չէ, քանի որ ավելի ենք մոտենում լավագույն քառյակին: Հաջորդ խաղերում կանենք մեր լավագույնը:
Ֆելաինին, Ռունին ու Մատան, մտնելով փոխարինման, թարմություն հաղորդեցին թիմին: Նրանք շատ օգնեցին մեզ եւ մենք ուրախ ենք, որ նրանք կարողացան ինչ-որ բան փոխել խաղում:
Պետք է հաղթենք հաջորդ խաղում: Մենք չենք մտածում ռեկորդների մասին, քանի որ դրանք մի օր ավարտվելու են: Պարզապես յուրաքանչյուր խաղում անում ենք մեր աշխատանքը՝ ձգտելով հաղթանակի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ մանչեսթերցիների պատասխան գոլը 84-րդ րոպեին խփել էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: