ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ գազի նոր գնի գործարքի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել դեռևս ապրիլի 1-ից:
«Պարզվեց, որ գների հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտը, և այդ փաստաթղթերի փաթեթում կա հղում, կցված է պայմանագիր, ըստ որի՝ գազի նոր գինը ուժի մեջ է ապրիլի 1-ից սկսված: Իհարկե, հանձնաժողովը պնդում է, որ դրա մասին մայիսի 13-ին են իմացել: Բայց ակնհայտ է, որ եթե նոր պայմանագիրը ապրիլ մեկից է գործում, առնվազն մեկ ամիս առաջ այն կնքվել է: Գազի գնման պայմանագիր նոր սակագներով կնքվել է ապրիլի 1-ին»,- իր խոսքում նշեց Լևոն Զուրաբյանը:
Վերջինս նշեց, որ Հայաստանի իշխանությունը ստորագրել է գազի գնի թանկացման պայմանագիրը, բայց տեղյակ չեն պահել հասարակությանը, թաքցրել են հայ ժողովրդից, քանի որ առջևում Երևանի ավագանու ընտրություններն էին:
«Մենք անգամ սկսում ենք կասկածել, որ այդ ինֆորմացիան իշխանությանը, կառավարությանը հասու է եղել անգամ նախագահական ընտրություններից առաջ»,-ասաց Զուրաբյանը:
ԱԺ պատգամավորը կարծում է, որ սա մախինացիա է, որի համար իշխանությունը պետք է պատասխան տա, բացի այդ, ըստ նրա, գազի գինը թաքցնելը նշանակում է, որ Հայաստանի նախագահական և ավագանու ընտրությունները պետք է նորից անցկացվեն, քանի որ դրանք հիմնված են եղել կեղծիքի վրա: