YN.am-ը (ԵրևանՆյուզ) գրում է.
Երևանում, չնայած իրականացվող միջոցներին, թափառող կենդանիների խնդիրը մնում է չլուծված: Երևանի քաղաքապետարանը, որը պատասխանատու է Երևան քաղաքում թափառող կենդանիների խնդիրը լուծելու համար, արդեն մի քանի տարի է հայտարարում է մրցույթ, որի հաղթողը մեկ ընկերություն է՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ը: Մենք որոշ քանակային տվյալներ ձեռք բերեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից:
Պաշտոնական աղբյուրից մեզ տեղեկացրեցին, որ «2014-2017թթ. Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ է մատուցել և մատուցում Երևանի քաղաքապետարանի պատվերով հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ը»: Սակայն, ըստ մամուլի հավաստի հրապարակումների (Հետք) այս ընկերությունը համագործակցում է քաղաքապետարանի հետ դեռ 2009թ.-ից:
Քաղաքապետարանը հավաստիացնում է, որ «վերջին տարիների ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքում կտրուկ նվազել է թափառող կենդանիների թվաքանակը»: Սակայն, վերջերս մեզ դիմած քաղաքացու խոսքերով, կենդանիները ոչ միայն չեն նվազել, այլև դարձել են վտանգավոր:
Ներկայացնենք պաշտոնական աղբյուրի տրամադրած քանակային տվյալները. «2014թ. ընթացքում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից վնասազերծվել է 27404, ստերիլիզացվել՝ 8390, քնեցվել՝ 296, ընդամենը 36090 թափառող կենդանի, 2015թ. վնասազերծվել է՝ 8020, ստերիլիզացվել՝ 4278, քնեցվել՝ 214, ընդամենը՝ 12512 թափառող կենդանի, 2016թ. վնասազերծվել է՝ 9923, ստերիլիզացվել՝ 5306, քնեցվել՝ 293, ընդամենը՝ 15522 թափառող կենդանի»:
Այս տվյալների մասին մեր հարցին «Յունիգրաֆ-Իքս»-ից պարզեբանեցին, որ վասազերծումն իրականում նույն քնեցումն է, սակայն պատահում է նաև, որ ստերիլիզացման ենթակա կենդանիների մեջ ևս հայտնաբերվում են քնեցման ենթականեր: Այսպիսով, օրինակ 2014թ.-ին քնեցվել է ընդամենը 27 700 կենդանի:
Իրականում, սա հսկայական թիվ է կազմում Երևան քաղաքի համար: Այս թիվն այնքան մեծ է, որ անիրական է թվում: Համեմատենք ներկայացված տվյալները, այլ քաղաքի, օրինակ՝ Մոսկվայի հետ: ՌԴ մայրաքաղաքում 2006թ.-ի դրությամբ, ըստ Մոսկվայի կառվարության Բնակարանային տնտեսության տվյալների, հաշվվել է 23 000 թափառող կենդանի, իսկ ըստ թափառող շների հաշվառման մոսկովյան ծառայության ղեկավար Ալեքսեյ Վերեշագինի տվյալների, թափառող շների թիվը կազմում է 30 000 և գրեթե չի փոփոխվել տարիների ընթացքում: Եթե հաշվի առնենք, որ Մոսկվայի մակերեսը կազմում է մոտ 2500 քկմ, իսկ բնակչությունը գրեթե 12.5 մլն մարդ, ապա «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի և Քաղաքապետարանի ներկայացված տվյալներն իսկապես հավատ չեն ներշնչում: Երևան քաղաքի մակերեսը կազմում է 227 քկմ, ինչը նշանակում է, որ միայն 2016թ.-ին Երևան քաղաքի յուրաքանչյուր 1 քկմ վրա հայտնաբերվել է մոտ 68 հատ թափառող կենդանի: Դատե՛ք ինքներդ, որքանով է դա իրական: Ներկայացված համեմատությունն ապացուցում է, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն ցուցադրում է ուռճացված տվյալներ, որոնց դիմաց էլ քաղաքապետարանը հատկացնում է գումար: Հարկ է նշել նաև, որ տվյալ ընկերությանը հատկացվող գումարը, ինչպես նաև կենդանիների թիվը, տարեցտարի նվազում է: Հավանաբար սա տարբեր լրատվամիջոցների, կենդանիների իրավունքների պաշտպանների գործունեության արդյունքն է:
Եվս մեկ հանգամանք. ըստ որոշ տեղեկությունների, «Յունիգրաֆ-Իքս»-ը բռնում է հիմնականում կենդանիների ձագերին, իսկ էգին, որն ընդունակ է կրկին ձագեր ունենալ, թողնում են ազատության մեջ: Նպատակը պարզ է:
Ըստ պաշտոնական տվյալների, 2014թ. թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ մատուցելու համար համայնքի բյուջեից հատկացվել է՝ 220 մլն դրամ, 2015թ.՝ 120 մլն դրամ, 2016թ.՝ 120 մլն դրամ, 2017թ. 115 մլն դրամ գումար: 2014թ. փաստացի ծախսը կազմել է՝ 182.5 մլն, 2015թ.՝ 91.6 մլն և 2016թ. 113.6 մլն դրամ:
Ի դեպ, Մոսկվայում 2013թ.-ին սկանդալային դեպք է գրանցվել. յուրացվել է 706 մլն ռուբլի, որոնք հատկացվել են բարեգործական կազմակերպություններին թափառող կենդանիների կարիքները հոգալու համար: Այս դեպքից հետո, Մոսկվայի կառավարությունը, որշում ընդունեց թափառող կենդանիների խնամքը հանձնել ոչ թե մասնավոր ընկերություններին, այլ քաղաքային ապաստարաններին:
Թափառող կենդանիների նկատմամբ Հայաստանում կիրառվող մեթոդը, Մոսկվայում չի օգտագործվում արդեն 2014թ.-ից սկսած: Մոսկվայում թափառող կենդանիներին ոչ թե քնեցնում են, այլ խնամում մինչ կյանքի վերջ: Այս նպատակով բյուջեից հսկայական միջոցներ են հատկացվում:
Հայաստանում, ոչ միայն չի կիրառվում այս մեթոդը, այլև բազմիցս հրապարակվել են լուսանկարներ և ապացույցներ «Յունիգրաֆ-Իքս»-ի կողմից թափառող կենդանիների նկատմամբ իրականացվող դաժանությունների: Կենդանիներին քնեցնում են դրա համար ոչ պիտանի նյութերով, իսկ մնացորդները վերացնում ոչ սանիտարական պայմաններում: Մոսկվայում գրանցված վերոնշյալ դեպքը նման է «Յունիգարֆ-Իքս»-ին, մեկ տարբերությամբ. վերոնշյալ բարեգործական կազմակերպության ղեկավարները ենթարկվել են դատական պատասխանատվության:
Ի դեպ, «Յունիգրաֆ-Իքս»-ի ղեկավարների մասին. ըստ «Հետք»-ի, այս ընկերության հիմնադիրները և սեփականատերերը 2005-2007 թթ. եղել են ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանը ու Դավիթ Ներսիսյանը, 2007-2012 թվականներին սեփականատեր է դարձել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով Ռուբեն Սադոյանի եղբայրն է: 2012-ից ընկերության 100% բաժնետեր է դարձել «Համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միհրան Փիլոսյանը: Ռուբեն Սադոյանը Փիլոսյանի ղեկավարած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Ամենացավալին այն է, որ վերահսկող մարմինը՝ այս դեպքում Երևանի քաղաքապետարանը, անգամ չի տիրապետում լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությանը:
Մեր հարցին՝ «Ի՞նչ չափորոշիչներից ելնելով է ընտրվում ստերջացնելու կամ քնեցնելու որոշումը: Ի՞նչ գործառույթներ և վերահսկողական մեխանիզմներ ունի Երևանի քաղաքապետարանը», քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից պատասխանել են. «ստերիլիզացնելու և քնեցնելու որոշումները ընտրվում են միջազգային առաջավոր փորձի և ընդունված չափորոշիչներին համապատասխան»:
Այսինքն, չեն ներկայացվել կոնկրետ չափորոշիչներ, հավանաբար որովհետև չեն տիրապետում տվյալ տեղեկությանը ու ամենայն հավանականությամբ կարիք էլ չկա. ո՞ւմ է անհագստացնում մի քանի հազար անտուն կենդանիների ճակատագիրը: Կարևորը դա չէ:
Մեր մյուս գրավոր հարցմանը, թե «Նշված ընկերությունն ի՞նչ միջոցներ, դեղամիջոցներ կամ այլ եղանակներ է կիրառում քնեցման ենթակա կենդանիների նկատմամբ: Խնդրում եմ նշել դեղամիջոցների կոնկրետ տեսակներ: Ի՞նչ եղանակով և որտե՞ղ են ոչնչացվում քնեցված կենդանիների մնացորդները», ստացվել է հետևյալ պատասխանը. «Քնեցված կենդանիները թաղվում են Նուբարաշենի խճուղուն հարակից տարածքում գտնվող թափառող կենդանիների գերեզմանոցում: Քնեցման ենթակա թափառող կենդանիների նկատմամբ կիրառվող դեղամիջոցների տեսակներն իմանալու համար անհրաժեշտ է դիմել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին»:
Եվս մեկ վկայություն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պատասխանատու վարչության համար էական չէ, թե ինչպես, ինչ դեղորայքով կվնասազերծվեն կենդանիները: Ինչպե՞ս կարող է մարմինն իրականացնել վերահսկողություն, եթե անգամ չի տիրապետում նման տարրական տեղեկության:
Բացի այդ, 2014թ.-ին «Փրկենք կենդանիներին» բարեգործական ՀԿ նախագահ Նունե Մեհրաբյանը YN.am-ի (Երևան Նյուզ լրատվական կայք) հետ զրույցում ասել է, որ ընկերությունը թափառող կենդանիներին քնեցնելու համար օգտագործում է լիդոկային դեղամիջոցը: Կազմակերպությունը հրապարակել էր նաև Երևանից մոտ 18 կմ հեռու գտնվող Նոր Արտամետ գյուղի մոտակայքում այրված շան ոսկորներ, լիդոկայինի ամպուլաներ: Գոյություն ունեն նաև լուսանկարներ դեպքի վայրից:
Կարելի է պնդել, որ Հայաստանը հեռու է քաղաքակիրթ եղանակով թափառող կենդանիների խնդիրը լուծելուց: Դրա կարիքն առանձնապես չկա էլ, քանի դեռ բյուջեից հատկացվում են միջոցներ, կենդանիներին դաժանորեն սատկացնելու համար և անգամ չկա պատշաճ վերահսկողություն խնդրի նկատմամբ:
Որպես հավելում նշենք նաև, որ շուտով խորհրդարանական ընտրություններն են: Պատգամավոր Ռուբեն Սադոյանը և նրա եղբայր Արա Սադոյանը, ով Կենտրոն վարչական շրջանի թաղապետն է, ակտիվ մասնակցություն կունենան այս գործում: Ի՞նչ սպասել մի մարդուց, ով երկար տարիներ թալանել է պետական բյուջեն:
Այս ուսումնասիրության միջոցով ցանկանում ենք հրավիրել պետական մարմինների ուշադրությունը խնդրի վրա: Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը չի իրականացնում պատշաճ վերահսկողություն, բայց շարունակում է վճարել քաղաքային բյուջեից: Իսկ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ ներկայացված տվյալները կասկածի տեղիք են տալիս: