«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրման՝ օրենքով սահմանված ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից պակաս ժամանակ, սակայն գործնական որևէ քաղաքական ուժ դեռևս պաշտոնապես չի հրապարակել իր համամասնական ցուցակը։
Դրանց մասին խոսում են բոլորը, ամեն օր մամուլում ամենատարբեր արտահոսքեր են հրապարակվում այս կամ այն ցուցակում այս կամ այն գործչի հայտնվելու կամ դրանից բացառվելու մասին, սակայն հրապարակային դաշտում դեռևս որևէ որոշակիություն չկա։
Ըստ էության՝ սա աբսուրդային իրավիճակ է, քանի որ, եթե քաղաքական ուժերն իսկապես ունեն ծրագրեր, իսկապես ունեն ուժեղ թիմեր, ինչպես բոլորն են կրկնում, ապա օր առաջ պետք է հրապարակեն նաև այն անձանց անունները, որոնք իրականացնելու են այդ ծրագրերը։ Մյուս կողմից՝ սա վկայում է այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները կուսակցությունների համար ոչ թե ծրագրեր, գաղափարներ իրացնելու, այլ ընդամենը որոշումների կայացման «շրջանակում» հայտնվելու հնարավորություն են։ Ծրագրերը, գաղափարները, ինչպես նաև՝ դրանց իրականացնողները հայտնվել են երկրորդական, երրորդական տեղում։
Որովհետև կարևորը «բարիշելն է», որով զբաղված են գրեթե բոլորը։ Բնականաբար, ոչ ընտրողների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում