«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախանշվում է, թե որ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ով է առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու: Երևան քաղաքի թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները, լուրջ դիմակայություն է սպասվում: Նախ նշենք, որ այս ընտրատարածքի ընտրողների թիվը, համաձայն ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության տված տեղեկանքի, գերազանցում է 222 հազարը:

Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում շրջանառվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, նրա եղբորորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, 28-ամյա Արտակ Ալեքսանյանի, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի՝ Մարտին Սարգսյանի անունները:

ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակում չի բացառվում, որ կլինի ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ՀԱԿ-ի ռեյտինգային ցուցակում շրջանառվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի անունը, որը Սամվել Ալեքսանյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:

Ընդդիմադիր առաջին դաշինքի՝ «Ելք»-ի ռեյտինգային ցուցակով էլ հավանաբար կառաջադրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը:

Այստեղ գուցե առաջադրվի նաև ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը»