Yelaket.am-ը գրում է.

Օրերս խոսվում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի (Սերվիսի Անդո) որդու՝ Դավթի Մանուկյանի պատգամավոր դառնալու մասին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեծահարուստ հայրիկի որդին ցանկանում դառնալ պատգամավոր: Եթե չմոռանանք նաև, որ Դավիթ Մանուկյանը ՀՀ ամենահզոր գործարարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի փեսան է, ապա հարցի պատասխանը որոշակիորեն նշմարվում է:

Նշենք, որ տարիներ առաջ՝ 2012թ.-ին, խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ «երկու արժանավոր հայրիկների» որդին ինչ-որ կապերի մեջ է «օրենքով գողերի» հետ: Ինչպես գրել է «Առաջին լրատվական»-ը, նրան անգամ ծեծել են և ասել, որ նա պետք է առժամանակ լքի Հայաստանը: Ինչևէ, խնդիրը կարծես լուծվել է, եթե նա ցանկություն ունի դառնալու պատգամավոր:
Անդրանիկ Մանուկյանը Հայաստանի մեծահարուստներից մեկն է և իր քաղաքական ամբողջ գործունեության ընթացքում զբաղվել է բիզնեսով:

Նրա անձի շուրջ պտտվող խոսակցություններն ու սկանդալները միշտ թեժ են եղել: Ինչպես գրել է «ՀԺ» օրաթերթը, Անդրանիկ Մանուկյանը 10-12 տարի զբաղվել է ՀՀ առաջին անհրաժեշտության պարենամթերքի, դեղորայքի մենաշնորհային ներկրմամբ, բացի այս, վերահսկել է «Սամանդ» մեքենաների ներմուծման մենաշնորհը, ինչպես նաև ԱՄԷ-ից, Եվրոպայից և ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաների ներկրումների մի հատվածը: Սա էլ դեռ ամենը չէ, նա իր ձեռքում է կենտրոնացրել ռուսական փայտանյութի ներկրումը ՀՀ կահույքի արտադրության համար:

Նշվածները նրա ամբողջ կարողության և բիզնեսների միայն մի փոքր հատվածն են կազմում. նույն թերթի տվյալներով Ա. Մանուկյանին են պատկանում տարբեր բիզնես պրոյեկտներ, այդ թվում Երևանի Հաղթանակ կամուրջի մոտ կառուցված «Մետրոպոլ հյուրանոցը», ՀՀ բջջային կապի օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակի բազմահարկ նորակառույց շենքը, գործող գազալցակայաններ, շքեղ առանձնատներ, հսկայական հողատարածքներ, Աղավնաձորում գտնվող «Հրազդան ՋԵԿ»-ի պանսիոնատը, որը նա պետությունից սեփականաշնորհեց բավականին ցածր գնով, ինչպես նաև «Արարատ Մոթորս» ընկերության սեփականատերն է: Սակայն ամենասկանդալայինն այն է, որ Անդրանիկ Մանուկյանը նաև զբաղվում էր հեռախոսային զրույցների ձայնագրությունների առքուվաճառքով։ Ըստ նույն աղբյուրի, ՀՀ-ում գործող որոշ բջջային օպերատորները նրա հետ համաձայնության էին եկել և տրամադրում էին ցանկացած անձի հեռախոսային զրույցների ձայնագրությունները, որոնք հետագայում նա տասնյակ հազարավոր ԱՄՆ դոլարներով վաճառում էր հետաքրքրվող անձանց: Այսպիսով, այս տարիների իր «ազգանվեր» գործունեության արդյունքում նրա դրամական միջոցները կազմում են 300 մլն դրամ, 3.5 մլն դոլար, 380 հազար եվրո: Ինչպես տեղեկանում ենք Անդրանիկ Մանուկյանի ներկայացրած հայտարարագրից, միայն 2015թ.-ին նրա եկամուտը կազմել է 118,640,000 դրամ: Սակայն, ոչ հայտարարագում, ոչ հայկական մեդիայում, առանձնապես հիշատակումներ չկան նրա որդու մասին:
Իսկ այսօր, լրատվականներից մեկի հետ զրույցում մեծահարուստ հայրիկն ասել է, թե՝ «իմ տղան հասուն մարդ է, գրագետ, զարգացած, դաստիարակված։ 33 տարեկան է և որոշումներ կարող է կայացնել։

Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում։ Պապայի միջնորդությամբ չէ, որ կարող է պատգամավոր դառնալ։ Հայրիկը կցանկանա, որ որդին հաջողություններ ունենա, որ գրում են հայրերը և որդիները, մեզ չի վերաբերում»:
Եվ միգուցե սա ճշմարտություն է, քանի որ կա նաև մեդալիոնի երկրորդ կողմը՝ Գագիկ Ծառուկյանի պատկերով: Միգուցե, հենց Ծառուկյանն է ուղղորդում փեսային մտնելու քաղաքական դաշտ: Հնարավոր է Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն և իր հետ բերի Դավիթ Մանուկյանին, հնարավոր է նաև, որ Դավիթը միայնակ մտնի ասպարեզ: Ամեն դեպքում, «հայրիկների» կողմից շփացած կերպարի հայտնվելը Խորհրդարանում մեզ համար այնքան էլ ցանկալի չէ:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am