YN.am-ը (ԵրևանՆյուզ) գրում է.
Հունվարի 25-ին գրեցինք Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած ցավալի դեպքի մասին: Այդ տարածքում թափառող շները հոշոտել էին տեղի բնակչուհու 9 տարվա ընկերոջը՝ Չապիին: Այս խնդիրը մեր կողմից բարձրաձայնվեց, սակայն կարծես պատասխանատու մարմին հանդիսացող Երևանի քաղաքապետարանի համար միևնույն է քաղաքի բնակիչների անհանգստությունը:
Այժմ պատասխանատուների անգործությունը հանգեցրել է նրան, որ թափառող շները սկսել են հարձակվել մարդկանց վրա: Ըստ նույն կնոջ խոսքերի, շները հարձակվել են նույն թաղամասի բնակիչ մոտ 30 տարեկան երիտասարդ տղամարդու վրա, ով հրաշքով է փրկվել: Նա մոտեցել է Նորք Մարաշում գտնվող անտառին, որտեղ նրա վրա հարձակվել է մի քանի շուն: Տղամարդը գետնից վերցրած փայտի օգնությամբ կարողացել է հարվածել շներից մեկին ու փախչել:
Կինը մեզ հետ զրույցում պատմել էր. «Ես գրեթե ամեն օր ուշանում եմ աշխատանքից շների պատճառով, քանի որ ուղղակի վախենում եմ նրանց բաժին դառնալ: Այժմ, երբ լույսն ուշ է բացվում, այդ կատաղած շների պատճառով ընդհանրապես հնարավոր չէ ժամանակին աշխատանքի հասնել: Այնտեղ ուղղակի ոհմակ է գոյացել»:
Ինչպես տեսնում ենք, Երևանի բնակչուհին դեռ օրեր առաջ պնդում էր, որ տարածքը վտանգավոր է նաև մարդկանց համար, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չստացավ:
«Ախր, շներին էլ մեղադրելու չի: Նրանք էլ սոված են, միգուցե նաև հիվանդ են: Այս հարցն ուրիշ կերպ պետք է լուծվի: Բայց մենք՝ Նորքի բնակիչներս, իսկապես արդեն վախենում ենք դուրս գալ փողոց: Ես ուզում եմ դիմեմ քաղաքապետին ու խնդրեմ, որ այս հարցը վերջապես լուծվի, բայց ոչ թե շներին ուղղակի սատկացնելու միջոցով»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ռուզաննան:
Նշենք նաև, որ նախորդ անդրադարձի մեջ մենք մանրամասն տվյալներ և փաստեր ենք ներկայացրել թափառող կենդանիների դեմ պայքարի, այս աշխատանքն իրականացնող ընկերության և քաղաքապետարանի վերահսկողության մասին: Ըստ մեր կողմից ներկայացված հիմնավորումների, Երևանի քաղաքապետարանը չի իրականացնում պատշաճ վերահսկողություն, «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը օգտվում է այդ հանգամանքից, իսկ թափառող կենդանիները անխնա ոչնչացվում են:
Ներկայացնենք պաշտոնական աղբյուրի տրամադրած քանակային տվյալները. «2014թ. ընթացքում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից վնասազերծվել է 27404, ստերիլիզացվել՝ 8390, քնեցվել՝ 296, ընդամենը 36090 թափառող կենդանի, 2015թ. վնասազերծվել է՝ 8020, ստերիլիզացվել՝ 4278, քնեցվել՝ 214, ընդամենը՝ 12512 թափառող կենդանի, 2016թ. վնասազերծվել է՝9923, ստերիլիզացվել՝ 5306, քնեցվել՝ 293, ընդամենը՝ 15522 թափառող կենդանի»:
Ցանկանում ենք պատկան մարմինների՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, մասնավորապես՝ վարչապետի, ինչպես նաև Բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա: Բացի նրանից, որ կենդանիների նկատմամբ կիրառվող միջոցները կասկածելի են, կասկածելի է նաև դրանք իրականացնող ընկերությունը՝ «Յունիգրաֆ-Իքս»-ը: Ցանկանում ենք նաև հրավիրել ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը, քանի որ տվյալ դեպքում բյուջեի միջոցները արդյունավետ օգտագործումը կասկածի տակ է: Երևանի բնակիչները Տարոն Մարգարյանից, Կարեն Կարապետյանից և մյուս պատասխանատուներից ակնկալում են այս խնդրի լուծում, սակայն ոչ անմարդկային եղանակով, այլ զարգացած երկրին վայել միջոցներով: