Նախօրեին գերեվարված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հյուսեինզադեի մայրը հերքել է Ադրբեջանի պաշտոնական վարկածն առ այն, թե իր որդին ադրբեջանական ԶՈւ-ի զինծառայող չէ:
Համացանցում տարածված տեսանյութում Սաիդա Հուսեյնովան հայտնել է, որ իր որդին զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունից հետո վերադարձել է հայրենի գյուղ, սակայն գործազրկության պատճառով 4 ամիս առաջ կրկին վերադարձել է ծառայության:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձին ի պատասխան կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Հյուսեինզադեին:
«Չորս ամիս է, ինչ կամավոր ընդունվել է ծառայության: Երեկ գիշերը (01.02.2017թ.) զանգահարեցին զորամասից և ասացին, որ զորամաս չի եկել: Ես էլ ասացի, որ եկել է զորամաս, ոնց թե չի եկել: Հետո էլ, թե գերի է ընկել, ես էլ ասացի՝ որտեղի՞ց գիտես: Ասաց, որ համացանցում է գրված: Ես էլ ասացի՝ քո զինվորն է, դու պետք է իմանաս՝ ո՞ւր է գնացել, որտեղի՞ց է գալիս: Մինչ այժմ որևէ նորություն չկա»,- պատմում է դիվերսանտի մայրը:
Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ գերեվարված զինվորի կյանքին և առողջությանն Արցախում որևէ վտանգ չի սպառնում, իսկ Ադրբեջանում կսպառնա, քանի որ արդեն իսկ նրանք հրաժարվել են այդ մարդուց: