ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին. տեղեկանում ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքից:
Քննարկվել են այս աշնանը կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Համաժողովը նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայի Վալանս քաղաքում, նպատակը երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման ուղղությունների քննարկումն է:
Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացմանը: Երկու երկրների մի շարք համայնքների միջև բավականին գործնական փոխգործակցություն է հաստատվել. ՏԻ մարմինների ներկայացուցիչների ակտիվ շփումները, փորձի փոխանակումը, ինչպես նաև ֆրանսիական գործընկեր համայնքների կողմից տարբեր ծրագրերի իրականացումը Հայաստանի համայնքներում իրենց դրական ազդեցությունն են ունենում ինչպես ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այնպես էլ համայնքների զարգացման վրա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովի աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման նպատակով շահագրգիռ մարմինների և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել նաև տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերում վերջին տարիներին կատարված աշխատանքների և նախատեսվող բարեփոխումների մասին: Ընդգծելով, որ ոլորտի զարգացման խնդիրները մնում են ՀՀ կառավարության առաջնահերթ հարցերի շարքում, փոխվարչապետն առաջիկա բարեփոխումների թվում նշել է Տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծման և համայնքների խոշորացման ծրագրերի իրականացումը: