Կալիֆորնիայի համալսարանի կենսաբանները պարզել են, որ տղամարդկանց ավելի շատ գրավում են բնական համամասնությամբ խոշոր շուրթերով կանայք, որոնք զբաղեցնում են դեմքի 4.5%-ը: Այս մասին ասված է JAMA Facial Plastic Surgery ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մենք կարծում ենք, որ շուրթերի պլաստիկ վիրահատության դիմող կանայք պետք է պահպանեն բնական համամասնությունը: Այլ կերպ ասած՝ հսկայական վերջին շուրթը, որը տարածված է որոշ հայտնիների շրջանում, ոչ թե ավելացնում, այլ նվազեցնում են նրանց գրավչությունը»,- պատմել է Իրվինի Քալիֆորնիական համալսարանից Բրայան Վոնը:
Մարդու արտաքինը հսկայական նշանակություն ունի այն հարցում, թե ինչպես է զարգանում նրա կյանքը, ընդ որում՝ այն ազդում է ոչ միայն անձնական կյանքի, այլեւ կարիերայի եւ հասարակության մեջ դիրքի վրա ընդհանրապես: Օրինակ՝ 2011 եւ 2013 թվականներին գիտնականների երկու խմբեր բացահայտել են, որ գեղեցիկ մարդիկ միջինում ավելի բարձր IQ ունեն եւ ավելի հաճախ են հեռանկարային աշխատանքի անցնում, քան սովորական կամ տգեղ արտաքին ունեցողները:
Նման կապ կա ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պարագայում, եւ շատ մարդկանց, հատկապես՝ թույլ սեռի ներկայացուցիչներին ստիպում է մտածել պլաստիկ վիրահատության միջոցով արտաքինը փոխելու մասին: Ամենատարածվածը շուրթերը մեծացնելու գործողությունն է:
Վոնն ու նրա գործընկերները փորձել են պարզել, թե որքանով ավելի գրավիչ են կանայք դառնում նման վիրատահություններից հետո: Այս հարցի պատասխանը գտնելու համար գիտնականները մի քանի տասնյակ տղամարդկանց միեւնույն կնոջ լուսանկարներն են ցուցադրել, որոնցում նրա շուրթերը ձեւափոխված են եղել:
Համեմատելով գնահատականները, որոնք «փորձագետները» տվել են լուսանկարներին, հեղինակները հանգել են եզրակացության, որ տղամարդկանց ավելի շատ գրավում են բնական համամասնությամբ՝ շուրջ 53%-ով մեծացված շուրթերը: Նման կատարյալ շուրթերի ստորին հատվածը պետք է երկու անգամ մեծ լինի վերինից:
Գիտնականները նշում են, որ նման շուրթերը տղամարդկանց չիրականացած երազանքը չեն. դրանք կարելի է տեսնել ինչպես «բնական» տարբերակով, այնպես էլ ստանալ պլաստիկ վիրահատության արդյունքում: Առաջիկայում Վոնը գործընկերների հետ ուսումնասիրելու է, թե ինչպիսի շուրթեր են գրավում կանանց: