Մարտի կեսին կմեկնարկի «Արմենիա TV»–ի նոր եթերաշրջանը։ «Դոմինո» սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց, որ սիթքոմը կունենա չորրորդ եթերաշրջան։


Ստեղծագործական թիմը խոստանում է գունեղ, հետաքրքիր նոր եթերաշրջան, որը կրկին կսկսվի շրջադարձային իրադարձությամբ։ Հարությունը նշեց, որ սցենարային հետաքրքիր զարգացումներ են սպասվում՝ սուր հումորներով և բարձր որակով, սակայն չցանկացավ փակագծեր բացել։


Ինչպես մյուս եթերաշրջաններում, այս անգամ ևս սիթքոմում կլինի դերասանական կազմի փոփոխություն։ Կերպարային որոշ գծեր կավարտվեն, փոխարենը կլինեն նոր հերոսներ։

Սիթքոմում կշարունակեն նկարահանվել Սոս Ջանիբեկյանը, ում կերպարի շուրջ էլ կառուցվում են իրադարձությունները, Նարեկ Բավեյանը, Մհեր Խաչատրյանը, Արփինե Իսրայելյանը, Սիլվի Բարկովան և այլք։

Այս եթերաշրջանում այլևս չեն նկարահանվի Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանը, Գայանե Ավետիսյանն ու Զառա Մինասյանը։ Նոր դերասանների անուններն առայժմ պարզ չեն, քանի որ քասթինգն ընթացքի մեջ է։

«Դոմինոյում» նոր եթերաշրջանում կավելանա նաև նոր տաղավար։

Աղբյուրը՝ Tert.am