Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երեւանի քաղաքապետի եւ քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ քննարկել է Երեւանի զարգացման քառամյա ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները: Քննարկումը ծավալվել է Երեւանի զարգացման ծրագրերի, քաղաքի բյուջեի կանխատեսելիության, հարկերի հավաքման եւ եկամուտների ձեւավորման հարցերի, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման, ներդրումային ու գործարար միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման եւ մի շարք այլ ուղղություններով ծրագրերի շուրջ:
Վարչապետը նախ եւ առաջ ողջունել է Երեւանի քաղաքապետարանի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը խորացնելու եւ մի շարք ոլորտներ մասնավորի կառավարմանը հանձնելու ուղղությամբ տարվող քաղաքականությունը: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ քննարկել, գնահատել բեռը, ձեւավորել բյուջեն եւ ըստ այդմ՝ որոշել հետագա քայլերը: «Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ է, բայց եկեք ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքն ու ըստ այդմ շարժվենք առաջ: Մեզ պետք է ուղղակի 10, 15 տարվա հորիզոն ունենալ, երկարատեւ փող բերել եւ կարեւոր խնդիրները ֆունդամենտալ լուծել», - ասել է Կարեն Կարապետյանը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Երեւանի զարգացման քառամյա ծրագիրը հաջող ավարտին է հասցվում, եւ արդեն տեսանելի են այն խնդիրները, որոնք պետք է դրվեն 2017 թ. ներկայացվելիք Երեւանի զարգացման հնգամյա ծրագրի հիմքում: Քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ հիմնականում ձեռքբերումներ են արձանագրվել ճանապարհաշինության, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, բնակֆոնդի պահպանման, ենթակառուցվածքների բարելավման, բնապահպանության ոլորտներում, արդյունավետ համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր: Տարեկան կտրվածքով քաղաքացիների շրջանում անցկացվող սոցիալական հարցումների միջոցով վեր են հանվել հանրությանը հուզող մի շարք խնդիրներ՝ հասարակական տրանսպորտ, վերելակային տնտեսություն, կանաչ տարածքների պահպանում ու ընդլայնում եւ այլն: Հաշվի առնելով մասնավոր ընկերության կողմից աղբահանության ոլորտի կառավարման հաջող փորձը՝ մշակվել են փաթեթներ նաեւ կանաչապատման, ջրամատակարարման, քաղաքային լուսավորության բնագավառներում եւս մասնավոր կառավարիչներ ներգրավելու վերաբերյալ: Քննարկվում են նաեւ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ նշված եւ այլ ուղղություններով պիլոտային ծրագրերի հնարավորությունները: Նախատեսվում է այդ խնդիրներին լուծում տալ համայնք-մասնավոր հատված-պետություն համագործակցության շրջանակում:
Այնուհետեւ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության եւ բարեկարգման, քաղաքային միջավայրի եւ ենթակառուցվածքների զարգացման, գործարար միջավայրի բարելավման համաչափ զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ այդ ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններն ու նախատեսվող քայլերը: Կամո Արեյանը նշել է, որ էական հաջողություն է արձանագրվել գործարար միջավայրի բարելավման առումով. արդյունավետ գործում է «մեկ պատուհան» ծառայությունը, նվազել են շինարարական թույլտվությունների համար սահմանված տուրքերը, կրճատվել է շինարարական փաստաթղթերի տրամադրման ժամկետը, գործարկվել է էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը: Առաջընթաց է արձանագրվել նաեւ արտաքին լուսավորության ոլորտում. 10 փողոցում տեղադրվել է 2086 նոր լուսատուների LED համակարգ, որը 60 տոկոս էլեկտրաէներգիայի տնտեսում է տալիս: Կանաչապատման աշխատանքների արդյունքում վերջին 4 տարում Երեւանում էապես ավելացել է կանաչ տարածքների ծավալը: Չնայած դրան՝ անհրաժեշտ է ստեղծել բուֆերային անտառային գոտի, եւ այդ նպատակով արդեն բանակցություններ են տարվում որոշ ընկերությունների հետ: Նախատեսվում է ձեւավորել մոտ 200 հա անտառային գոտի՝ մոտ 10-11 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրումով:
Անդրադառնալով վերելակային տնտեսության խնդիրներին՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտի վերազինումը, կառավարումը եւ տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի մեկ օպերատորի կողմից: Աշխատանք է տարվում վերելակային տնտեսության բարեփոխման ուղղությամբ: Իսկ բնակֆոնդի պահպանման աշխատանքների առումով նշվել է, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը պահպանման խնդիր ունի, եւ յուրաքանչյուր տարի լուրջ ներդրումներ են հատկացվում այդ նպատակով:
Ներկայացնելով Երեւանի բյուջեի եկամուտների դինամիկան՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ 2013-2016 թթ. քաղաքի սեփական եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամով։ Երեւանի սեփական եկամուտների տեսակարար կշիռը ՀՀ համայնքների սեփական եկամուտների կազմում 56.7 տոկոս է, իսկ մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտները կազմում են 18 հազ. ՀՀ դրամ։ 2017թ. սեփական եկամուտները ծրագրվել են նույն տրամաբանությամբ: 2016 թ. Երեւանում իրականացվել են շուրջ 125 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ, որից 77 տոկոսը՝ մասնավոր ներդրումների, 17.8 տոկոսը՝ պետական բյուջեի, իսկ 5.2 տոկոսը՝ համայնքային բյուջեի հաշվին եւ համայնք-մասնավոր համագործակցության այլ ծրագրերի հաշվին: 2017 թ. կանխատեսվում են շուրջ 171 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ: Բացի այդ, ներդրումային միջավայրի աշխուժացման նպատակով քաղաքապետարանը հրապարակել է 45 ներդրումային առաջարկ, որոնք վերաբերում են քաղաքաշինության, քաղաքային ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տրանսպորտի եւ այլ ոլորտներին. գնահատված ներդրումային ծավալը կազմում է շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար:
Վահե Նիկոյանի խոսքով՝ գործող օրենսդրական բազայի պայմաններում սեփական եկամուտներն օբյեկտիվորեն այլեւս աճելու հնարավորություն չունեն, ինչպես նաեւ առկա է ինքնուրույն որոշումների կայացման եւ երկարաժամկետ ծրագրերի մշակման սահմանափակ հնարավորություն։ Հաշվի առնելով այս խնդիրները՝ Երեւանի բյուջետային գործընթացի կանխատեսելիությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել եւ 2016 թ. տարեվերջին ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների նախագիծ։ Վարչապետի հարցին՝ արդյոք ֆինանսական հոսքերի կանխատեսելիությունը հնարավորություն կտա՞ քաղաքում էական բարեփոխումներ իրականացնելու բեռը վերցնել, Վահե Նիկոյանը պատասխանել է, որ, օրինակ, հանրային տրանսպորտի եւ վերելակային տնտեսության բարեփոխման ծրագրերը մոտավոր գնահատմամբ արժենալու են շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար, եւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում վարկունակության ռեզերվը կմեծանա, հնարավոր կլինի այդ բեռը վերցնել:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ անդրադարձել է մշակույթի եւ կրթության ոլորտներին՝ ներկայացնելով ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը: Կարեն Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաեւ մայրաքաղաքում զբոսաշրջության խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը համակարծիք է եղել Երեւան քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման ծրագրերում մասնավոր կառավարիչների ներգրավման առաջարկությանը: «Պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկենք. օրինակ, եթե մասնավորի հետ երկարատեւ պայմանագիր ենք կնքում, եթե ինքը կարողանում է իր տան փողը, բանկի փողը ներդնել LED-ի մեջ ու եթե այդ LED-ի էֆեկտը տարածենք ամբողջ քաղաքում, ինքն էֆեկտիվ է կառավարելու», - ասել է գործադիրի ղեկավարը: Կարեւորելով Երեւանում շինարարության ակտիվացումը՝ վարչապետն ասել է. «Պետք է փորձենք հնարավորինս աջակցել, որպեսզի քաղաքի շինարարությունն աշխուժացնենք, եւ քաղաքապետարանի թիմը պետք է մասնակից լինի ներդրողների ներգրավման գործին»:
Խոսելով Երեւանը զբոսաշրջային առումով առավել հետաքրքիր դարձնելու մասին՝ վարչապետն առաջարկել է, բացի նախատեսվող միջազգային փառատոններից եւ մշակութային միջոցառումներից, մշակել նաեւ այնպիսի ծրագիր, որը կխթանի ներգնա տուրիզմը: «Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն քանակին, այլեւ բովանդակությանը, քաղաքացու պահանջարկին եւ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին», - նշել է Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով ակտիվ համագործակցել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: Վարչապետը բարձրացրել է նաեւ Երեւանի որոշ փողոցների արտաքին տեսքի պատշաճության եւ ներկայանալիության ապահովման հարցը՝ կարեւորելով այս ուղղությամբ հետեւողական աշխատանքը: