Կոնգրեսական Ադամ Շիֆը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել է ԱՄՆ-ի ներկա վարչակազմի վարած ներքին և արտաքին քաղաքականության մասին, ներկայացրել տարբեր հարցերի վերաբերյալ հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի դերի մեծացում է կանխատեսում։ Ըստ նրա, թե՛ դեմոկրատները, եւ թե՛ հանրապետականները ցանկանում են հնարավորին չափով սահմանափակել նախագահի կայացրած որոշումները։
«Օրինակ՝ Կոնգրեսը դեմ է, որ նախագահը սահմանափակի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Շատերն են մտահոգ Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Խոսքը վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին խնդիրներին։ Հաջորդ կարեւոր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն են: Շատ դեպքերում վարչակազմի և Կոնգրեսի դիրքորոշումները չեն համընկնում»,– ասել է նա։
Ադամ Շիֆը նշել է, որ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի ԱՄՆ-ը ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ` այդպիսով նվազեցնելով նաեւ տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։
«Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ներկայիս վարչակազմը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Ես մտահոգ եմ, որ նախագահի ընտանիքն ունի բիզնես շահեր Թուրքիայում և Ադրբեջանում։ Հուսով ենք, որ նախագահը որոշումներ կընդունի` հիմքում ունենալով այդ երկրների հետ հարաբերությունները»,– նշել է նա։
Հաջորդ կարեւոր բնագավառը էմիգրացիոն բարեփոխումներն են։ Ադամ Շիֆի գրասենյակը յուրաքանչյուր օր բազմաթիվ զանգեր է ստանում քաղաքացիներից, այդ թվում` հայերից։ «Էմիգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները կունենան նաեւ իրենց բացասական հետեւանքները շատ հայերի վրա։ Հատկապես նրանց, ովքեր արգելք հանդիսացող 7 երկրներից են։ Մենք շարունակելու ենք օգնել փախստականներին` միանալ իրենց ընտանիքներին ԱՄՆ-ում»,– ասել է նա։
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին` Ադամ Շիֆն ասել է, որ հրադադարի խախտման բոլոր դեպքերն անթույլատրելի են։ «Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա հակահայկական դրսեւորումները նվազեցնելու համար»,– ասել է նա՝ ավելացնելով, որ կողմ է սահմանի ողջ երկայնքով մոնիթորինգային սարքի տեղադրմանը: