Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ առաջիկա ընտրությունները լինելու են մրցակցային: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ ներգրավված են տարբեր քաղաքական ուժեր, այսինքն՝ քաղաքացիների համար ընտրության լայն շրջանակ է ստեղծված, այլեւ այն, որ քաղաքական ուժերը ներկայացնում են գաղափարական լայն հորիզոն:
«Ներգրավված են ինչպես կոմունիստներ, այնպես էլ ծայրահեղ ազատականներ, ժողովրդավարներ եւ այլն, այսինքն՝ ընտրողը տեսականորեն հնարավորություն կունենա ընտրելու այս կամ այն ուժին, հետեւաբար նաեւ գաղափարախոսությունը: Վերլուծելով տարբեր քաղաքական ուժերի կարգախոսները՝ կարելի է ասել, որ ուժերը փորձել են սեփական ամբիցիաները համապատասխանեցնել հասարակության ակնկալիքներին: Կան քաղաքական ուժեր, որոնք կենտրոնանում են ավելի շատ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա, ոմանց կարգախոսները մեզ տանում են դեպի անցյալ: Հանրապետական կուսակցությունը հավանաբար այն բացառիկ կուսակցություններից է, որ շեշտը դնում է անվտանգության խնդրի վրա»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ անվտանգային գործոնը տարածաշրջանի համար կարեւորագույն խնդիրներից է, եւ առավել ուշադրություն հենց այս ոլորտն է պահանջում:
«Կուսակցության քաղաքական թիվ մեկ խնդիրն է ներկայացնել երկրի զարգացման մոդել, տալ ընտրողներին հեռանկարներ, երկրի արտաքին եւ ներքին կյանքի մասին պատկերացում, առաջարկելու ենք ոլորտային գերակայություններ եւ իրավիճակի մաքսիմալ վերլուծություն: Դրանով է հենց պայմանավորված կարգախոսի երկրորդ բառը անվտանգություն, այսինքն՝ անվտանգություն եւ առաջընթաց, որի կարիքն ունի Հայաստանը, ողջ հասարակությունը, յուրաքանչյուր քաղաքացի անկախ քաղաքական իր դիրքորոշումից»,-ասաց կուսակցության փոխնախագահը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: