ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Վարդան Տողանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):

Վարդան Տողանյանի կենսագրությունը

Վարդան Տողանյանը 1974-1984թթ. սովորել է Երեւանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1984-1991թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում: Համալսարանում ուսանելու ընթացքում 1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1996-1997թթ. Երեւանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988-2001թթ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքականգիտությունների դոկտորի աստիճան:

Փորձնակություն

1995թ. հոկտեմբերից մինչեւ 1996թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում որպես փորձնակ աշխատել է Ճապոնիայի Օսակա միջազգային ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնում: 2000թ. հուլիսից մինչեւ օգոստոս Նոր առաջնորդության ծրագրի շրջանակներում փորձնակություն է անցել Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ, ԱՄՆ):

Աշխատանքային փորձ

1991-1992թթ. Վ. Տողանյանը աշխատել է պատմության ուսուցիչ Երեւանի թիվ 33 դպրոցում: 1992-1994թթ. եղել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության(այսուհետ՝ ՀՀ) մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ: 1994-1995թթ. եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար: Վ. Տողանյանը 1997-1998թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000թթ՝ դեսպանության խորհրդական: 2001թ. մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ [3] [4]: 2012թ. ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2012-2015թթ. եղել է «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչեւ 2015թ. օգոստոս եղել է «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչեւ 2015թ. մայիս եղել է «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչեւ 2016թ. մայիս հանդիսացել է «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Վ. Տողանյանը անդամակցում է Անկախ տնօրենների ասոցիացիային:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի 4 երեխա: