ֆեյսբուքյան օգտատեր Զառա Պողոսյանը բաց նամակով դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին․

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի նախագահ
Տիկին Սիրանուշ Սահակյանին

ԴԻՄՈՒՄ

Հարգելի տիկին Սահակյան,

Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից ՀՀ տարածքում գործունեության հնարավոր ընդլայնմանը` նոր ծրագրերի և ծխախոտի պակաս վնասակար այլընտրանքների մշակմանը (հարցազրույցը հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=95ib8h-YLo4): Իր խոսքում փոխնախարարը մասնավորապես նշում է, որ նշյալ ապրանքը փոխարինում է սիգարետին և համարվում է նվազագույն ռիսկ պարունակող ապրանք` հավելելով, որ դա ունի նաև որոշակի առողջապահական նշանակություն:
Այս հայտարարությունը խիստ մտահոգության առիթ է հանդիսանում, քանզի վերջինս նշյալ ապրանքի ուղղակի պրոպագանդա է, մինչդեռ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության շրջանակներում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 11-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է նշել, թե ծխախոտի հիմքով որևէ արտադրանք ավելի անվտանգ է, քան մեկ ուրիշը:
Հավելեմ նաև, որ նշյալ ապրանքի օգտագործումն արդեն իսկ լայն տարածում է գտել Հայաստանի Հանրապետության տարածքում` անգամ սոցիալական ցանցերում ստեղծվել են համապատասխան էջեր (https://www.facebook.com/IQOS.elektrakan?fref=nf)` ընդ որում տուփերի վրա հստակ մակնշված է, որ ծխելը վնասակար է առողջությանը:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ քննության առնել պաշտոնյայի հայտարարությունը՝ պարզելու` արդյոք այն էթիկայի կանոնների խախտում չէ:
Կանխավ շնորհակալություն: